Խոսում են ՎՕԼՕ-ի մեկուսացվածները

VOLO
5 min readMay 4, 2020

--

Անում ենք ամենը, որ տանը զգանք ինչպես աշխատավայրում

Հայաստանում տիրող արտակարգ իրավիճակից անմասն չմնաց ՎՕԼՕ-ի մեծ ընտանիքը։ Ընկերության բոլոր գրասենյակներն անցել են հեռավար աշխատանքի։ ՎՕԼՕ-յում այսպիսի աշխատելաոճը նորություն չէ․ աշխատակիցների հաղորդակցությունը ընկերության գործընկերների, ինչպես նաև 7 «խոհանոցների» (գրասենյակների) միջև հաճախ կազմակերպվում է զանգերի, էլեկտրոնային նամակների միջոցով։ Այսինքն, ՎՕԼՕ-ն պատրաստ էր հեռավար աշխատանքի, իսկ տնօրինությունն էլ ամեն ինչ արեց՝ այդ ամենն ավելի սահուն կազմակերպելու համար։

Այնուամենայնիվ, մշտական հեռավար աշխատանքն ունի որոշակի բարդություններ, ինչու չէ՝ նաև լի է հետաքրքիր և հիշվող պահերով։

Այս ամենի մասին որոշեցինք զրուցել ՎՕԼՕ-ի նախագծերի ղեկավարների հետ։

Արդեն 1,5 ամիս է՝ աշխատում եք հեռավար ձևաչափով։ Ի՞նչ առավելություններ և թերություններ կարող եք նշել հեռավար աշխատանքում։

Եթե հակիրճ՝ less distraction — more concentration.

Այս ընթացքում ամենաշատը շահում է ընդհանուր նախագիծը։ Քանի որ ամբողջ թիմով անընդհատ տանն ենք, գրեթե ամբողջ օրը նվիրվում է աշխատանքին, ու այդպես կարողանում ենք վերջնաժամկետներին հավատարիմ մնալ։ Բայց սա նաև թերություն է, որովհետև անընդհատ միայն աշխատանքով զբաղվելը վտանգավոր է նրանով, որ կարող է որոշ ժամանակ անց հոգնեցնել ու ձանձրացնել բոլորին։ Որպես առավելություն կարող է դիտվել ճանապարհների վրա ժամանակ չծախսելը։

Մեկ էլ թերություն է skype/slack զանգերը, հետևաբար՝ անընդհատ ականջակալներով լինելը։ Ավելի շատ էներգիա և ժամանակ է պահանջվում կենտրոնացված մնալ տեսազանգերի ընթացքում, քան պահանջվում էր օֆիսային քննարկումների ժամանակ։

Կարո՞ղ եք նշել՝ արդյոք փոխվել է թիմի արդյունավետությունը հեռավար աշխատանքի ժամանակ։ Եթե այո՝ ինչպես։

- Միանշանակ փոխվել է։ Իսկական մարտահրավեր է թիմի մոտիվացիան պահելը։ Եթե ամենասկզբում թիմը մոտիվացված էր աշխատում, և աշխատանքի ձևաչափն իրենց համար նույնիսկ հետաքրքիր էր, հիմա արդեն զգացվում է նրանց աշխատունակության նվազումը։ Որոշակիորեն օգնում է ամենօրյա զանգերի և ժողովների ձևաչափը փոխելը՝ խոսել զանգերի ընթացքում ոչ միայն աշխատանքի մասին, այլև կատակել, խաղեր խաղալ և խոսել այլ թեմաներից։

- Մեր թիմի դեպքում հեռավար աշխատանքը դրական ազդեցություն է ունեցել թիմի արդյունավետության վրա։ Ավելի արդյունավետ ու առարկայական են դարձել քննարկումները, ավելի արագ է տեղի ունենում նոր feature-ների ծրագրավորումն ու թեստավորումը, bug-երի շտկումը։

Մի փոքր շեղվել ենք sprint planning-ից

Ի՞նչ նոր լուծումներ եք կիրառում հեռավար աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

- Չեմ կարծում, որ որևէ նոր լուծում ենք կիրառում։ Պարզապես սկսել ենք ավելի շատ կառուցողական քննարկումներ անել, արագ լուծումներ գտնել առաջացող խնդիրներին ու շարժվել առաջ։

- Փոփոխություններից մեկն այն է, որ ավելացրել ենք ևս մեկ ամենօրյա զանգ օրվա ավարտին, երբ մենք ամփոփում ենք օրը և համոզվում, որ որևէ կրիտիկական խնդիր կամ խոչընդոտ չի առաջացել կամ չի վրիպել մեր աչքից։

Planning Poker-ի այլընտրանքային տարբերակ

- Ամենամեծ փոփոխությունը, որը թիմի կողմից դրական արձագանք ստացավ, մեր planning poker-ի ձևաչափն էր։ Քարտերը և հեռախոսային հավելվածները փոխարինել ենք skype poll-ով, որտեղ նշում ենք քննարկվող ticket-ի վերնագիրը և Ֆիբոնաչիի թվերը։ Այսպես գնահատումը կատարվում է ավելի արագ և արդյունավետ, իսկ արդյունքը հայտարարվում է ավելի ուրախ։

Արդյոք պահպանվե՞լ է աշխատանքային առօրյան տան պայմաններում, օրինակ՝ ընդմիջման ժամերը, 8-ժամյա աշխատանքային օրը, բոլոր ժողովները, առավոտյան սուրճ խմելու սովորությունը։

- Միակ բանը, որ պահպանվել ու, նույնիսկ, ավելացել են՝ ժողով-քննարկումներն են։ Աշխատանքային ժամերը պահպանելը ցանկալի է, բայց շատ հաճախ չի ստացվում։ Այս ընթացքում պարզվեց, որ աշխատանքային օրը կարող է ձգվել արթնանալու պահից մինչև քնելը։

- Հմմմ․․․․ Կարծում եմ՝ նախագծի ղեկավարների համար չի պահպանվել։ Աշխատանքային ժամից հետո խնդիր է նամակները անպատասխան թողնելը, կարիք է լինում մշտապես հասանելի լինել թիմի և պատվիրատուի համար։ Եղել են օրեր, որ նույնիսկ մոռացել եմ առավոտյան սուրճի մասին։ Արդեն պատկերացնում եք, չէ՞, ինչ զբաղված առավոտ է դա եղել։ Իսկ գրասենյակում ես երբեք չէի մոռանում պատշգամբում առավոտյան սուրճ ըմպել թիմի հետ։

Ականջակալներն էլ են այս օրերին խառը

Նախագծի ղեկավարի աշխատանքի 80 տոկոսը հաղորդակցությունն է։ Հեռավար աշխատանքի ժամանակ հաղորդակցությունը հիմնականում զանգերի միջոցով է կատարվում։ Իսկ հիմա հարց՝ քանի՞ ականջակալ արդեն չի դիմացել զանգերի տեղատարափին։

- Շատ տեղին հարց էր։ Փորձում եմ ականջակալներս սարքին պահել, քանի որ այս օրերին առանց դրա կյանքն անհնար է պատկերացնել։

- Ի զարմանս ինձ, միակ ականջակալս ինձ դեռ հուսախաբ չի արել: Երևի գիտի, որ եթե փչանա, պետք է տնից դուրս գամ, իսկ դա այս պահին այդքան էլ լավ գաղափար չէ:

Ամենազավեշտալի արձագանքը, որ ստացել եք ընտանիքի անդամներից այս ժամանակահատվածում։

- Էդ սկայպ/մայպդ թա՛րգի, արի՛ ուտելու:

- Սաղ օրը ինչ-որ անկապ խոսում ես:

- Էսօր ուշ ե՞ս գալու տուն։

- Ընդմիջում դնե՞մ հետդ, թե՞ կպատվիրես:

- Կարո՞ղ է ընդմիջմանը հասցնես տուն գալ, հազիվ միասին կճաշենք։

- Մի անգամ էլ օրվա մեջ սովորականից քիչ զանգեր / քննարկումներ ունեի, ասացին՝ էսօր ոնց-որ պարապ ես, հա՞։ Իսկ եթե լուրջ՝ վերջապես տանեցիները պատկերացում կազմեցին իմ աշխատանքի մասին։

Այս դրությունը շատերի համար հնարավորություն է՝ ինքնակրթությամբ զբաղվելու համար։ Արդյո՞ք կարողանում եք աշխատանքի հետ նաև մասնակցել վեբինարներին, կարդալ մասնագիտական գրքեր և այլն։

- Ցավոք, շատ քիչ ժամանակ է մնում ինքնակրթության համար։ Բայց աշխատում եմ մասնակցել վեբինարներին, իսկ մասնագիտական գրքերից այս պահին ունեմ 3 ընթացիկ գիրք, որոնք երազում են ընթերցված լինել։

- Այս կարգավիճակում որոշակիորեն ժամանակ է ազատվում ինքնակրթության համար, որով աշխատավայրում զբաղվելը փոքր-ինչ բարդ է։

- Մասնագիտական գրքերը դրել եմ կողքիս, որ այն պահին, երբ ազատ ժամանակ լինի կամ համակարգչից հոգնեմ, ընթերցեմ դրանք։

ՎՕԼՕ-յում կա հետաքրքիր սովորույթ՝ ուրախ ուրբաթները։ Ինչպե՞ս անցավ ձեր ու ձեր թիմի մարտ ամսվա ուրախ ուրբաթը։

- Գարեջրով, տանը

- Այս անգամ չհասցրեցի մասնակցել, փոխարենը ստանում էինք նկարներ, թե ինչպես է ուրիշների մոտ անցնում ուրախ ուրբաթը 😊

Մեր շատ սիրելի ՄՌ թիմը հեռավար, բայց ուրախ ուրբաթի ժամանակ

ՎՕԼՕ-յում տարեդարձները նշվում են գրասենյակում՝ «քաղցր» սեղանի շուրջ։ Արդեն փորձ ունեցե՞լ եք հեռավար տարեդարձ նշելու։

Մեզ մոտ նույնիսկ հեռավար ծնունդներն են «քաղցր անցնում»

- Այո, 2 առիթ ունեցել ենք։ Անկախ online & offline տարբերակի՝ մեզ մոտ ուրախ են անցնում տարեդարձները։

- Այս ընթացքում արդեն 4 հոգի հասցրել են «վերածնվել»։ Ու չնայած շնորհավորանքներ տեսազանգերով են եղել, փորձել ենք շատ հավես անակնկալներ անել ու մերոնց օրն իրոք տոն սարքել։ Համաձայն ստացած արձագանքների՝ մեզ դա հաջողվել է😊

- Այո, արդեն 3 ծննդյան օր ենք ունեցել, ամեն առիթին մոտեցել ենք յուրովի։ Իմ ծննդյան օրն էլ է եղել ու ստացել եմ բազմաթիվ անակնկալ նվերներ թիմակից-ընկերներից։

Պատկերացնենք ՎՕԼՕ վերադառնալու առաջին օրը․․․

- Թիմի հետ սուրճ խմել, լիքը զրուցել թիմակիցների հետ։

- Մարդիկ, մարդիկ, մարդիկ։ Մեկ էլ հարմար աշխատանքային պայմաններ (մասնավորապես՝ աթոռ) ու խոհանոցային անուշահոտ զրույցներ։

- Կնստեմ հարմարավետ աթոռիս ու կվայելեմ օֆիսային աշխույժ անցուդարձը։

Երազում ենք վերադառնալ մեր սիրելի ՎՕԼՕ

Ի՞նչ կմաղթեք բոլոր վօլօյականներին, ինչպես նաև ՏՏ ոլորտի ձեր մյուս գործընկերներին։

- Այս օրերին և ոչ միայն առողջությունն է ամենակարևորը, առո՛ղջ եղեք և տրամադրությունը բա՛րձր պահեք, շուտով բոլորս նորից կհանդիպենք 😊

- Այս ընթացքի ամենաակտուալ բարեմաղթանքը՝ եղեք առողջ։ Ու շարունակեք լսել լավ երաժշտություն, աշխատել և կրթվել հնարավորինս շատ, որովհետև հենց արգելքները վերացան, հազիվ ենք նստելու գրասենյակում․ ցանկանալու ենք բալանսավորել կյանքն ու լրացնել բաց թողնվածը։

- Ամեն փոփոխությունից դրականը պետք է վերցնել ու բարելավել աշխատելաոճը, այնպես որ սա էլ էր հետաքրքիր փորձ։ Բայց միևնույնն է բոլորս ցանկանում ենք վերադառնալ բնականոն աշխատանքին։ Ուստի՝ բոլորին առողջություն և համբերություն։

--

--

VOLO
VOLO

Written by VOLO

A unique software development company established in 2006 and headquartered in Yerevan, Armenia, with 7 offices in Armenia and Ukraine. https://volo.global/

No responses yet